Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Ճգնաժամն ունենալու է հետշոկային ժամանակաշրջան, որը կարող է տևել մի քանի տարի»

«Ճգնաժամն ունենալու է հետշոկային ժամանակաշրջան, որը կարող է տևել մի քանի տարի»
13.01.2009 | 00:00

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԻԿԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ԿԵՍԻՆ»
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսական կյանքում մեկնաբանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Պարոն Մինասյան, վարչապետը կառավարության նիստում ներկայացրեց առաջիկա անելիքները համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։ Սակայն սկզբում մեկ տեսական հարց. Դո՞ւք էլ եք որոշ տնտեսագետների օրինակով կարծում, որ միջազգային ճգնաժամը Հայաստանի վրա ազդեցություն չի ունենա կամ գրեթե չի ունենա` համաշխարհային տնտեսությանը մեր երկրի թույլ ինտեգրացվածության պատճառով։
-Ճիշտն ասած, երբևէ չեմ լսել որևէ քաղաքական գործչի կամ լուրջ տնտեսական գործչի հայտարարություն, որ ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդի։ Խոսքը, սովորաբար, լինում է համեմատաբար նվազ ազդեցության մասին, երբ մենք հնարավորինս փոքր կորուստներով կարող ենք դուրս գալ այս փուլից։ Այդ կապակցությամբ ես ունեմ իմ տեսակետը։
ՈՒշադրության է արժանի այն, որ ներկա համաշխարհային ճգնաժամի առաջին փուլը, որը բնորոշվում է իբրև զուտ ֆինանսական ճգնաժամ, ավարտվեց։ Այժմ սկսվում է երկրորդ` ֆինանսատնտեսական փուլը։ Առաջին փուլի հետ կապված, կարծում եմ, փաստ է, որ այն բավական մեղմ ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա, և դրա պատճառն այն է, որ մեր բանկային համակարգը շատ կոշտ օրենսդրական ապահովում ունի։ Այսինքն, Հայաստանի կենտրոնական բանկը հնարավորություն ունի ուղղակիորեն վերահսկելու մեր բանկերի լիկվիդայնության մակարդակը։ Այսինքն, չափանիշները բավականին խիստ են, և այս հանգամանքն իր օգտակար նշանակությունն ունեցավ։ Ճիշտ է, Հայաստանում թույլ է զարգացած երկրորդային շուկան, և այս իրողությունն էլ իր ազդեցությունն ունեցել է, սակայն կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեության խիստ կանոնակարգումը ես ավելի եմ կարևորում։ Որովհետև եթե դա չլիներ, անգամ երկրորդային շուկայի թույլ զարգացածության պայմաններում մենք կունենայինք ցավալի իրավիճակ։ Այսպիսով, ճգնաժամի առաջին փուլը մենք հաղթահարել ենք, կարելի է ասել, նվազագույն կորուստներով։
-Ի՞նչ է սպասվում երկրորդ, Ձեր բնորոշմամբ, ֆինանսատնտեսական փուլում։
-Եթե անդրադառնալու լինենք անցած տարվա արդյունքներին, ապա դրանք շատ հետաքրքիր տվյալներ են պարունակում։ Մեզ հաջողվեց գնաճը պահել շատ ցածր մակարդակի վրա` 5,2 տոկոս։ Հայաստանի նման երկրների համար, ուր ազգաբնակչության մի զգալի հատված գտնվում է սոցիալապես շատ խոցելի վիճակում, գնաճի ցածր մակարդակ ապահովելը պետության համար պարզապես գերխնդիր է։ Ցավոք, չի կարելի ասել, թե մյուս ցուցանիշները ևս հուսադրող են։ Տնտեսական աճի առումով թեպետ դեռ վերջնական տվյալները չկան, սակայն ակնհայտ է, որ նախորդ տարիների նման երկնիշ աճի մասին խոսել չենք կարող։ Նոյեմբերի տվյալներով` տնտեսական աճը մեզ մոտ կազմել է 7,2 տոկոս և, հավանաբար, այդ շրջանակում էլ կամփոփվի ընդհանուր տնտեսական աճը ողջ տարվա կտրվածքով։ Թեպետ շատ երկրների համեմատությամբ մենք դարձյալ այս առումով շահեկան վիճակում ենք հայտնվել։ Ըստ այդմ, կարելի է համարել, որ մենք նվազ տուժած երկրների թվին ենք պատկանում։
Այլ բան է, որ ճգնաժամի նոր, այսպես կոչված, ֆինանսատնտեսական փուլին մենք պետք է լրջորեն պատրաստվենք։ Այսօր ամենախոցելի վիճակում են հայտնվել մեր այն մարզերը, որտեղ գործում են դեպի արտահանում կողմնորոշված լեռնահանքային ձեռնարկությունները։ Խոսքը վերաբերում է Սյունիքի և Լոռու մարզերին։ Այստեղ պետք է իրականացվեն ծրագրեր, որպեսզի աշխատանքից զրկված աշխատուժն ընդգրկվի նոր ոլորտներում։ Դրա համար այդ մարզերում պետք է կառավարությունն իրագործի փոքր և միջին բիզնեսի խթանման արագ ծրագրեր։ Կան մի շարք խոշոր ծրագրեր էլ, որոնց իրականացման համար ֆինանսական աղբյուրները կարծես առկա են։ Դա համաշխարհային բանկից սպասվող ֆինանսական օժանդակությունն է, խոսակցություններ կան Ռուսաստանի Դաշնության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին, միջոցներ հատկացնելու բանակցություններ վարվել են Ասիական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի հետ։ Եթե բոլոր այս ֆինանսական հոսքերը կամ դրանց մի մասն ապահովվի, հնարավորություն կլինի այդ միջոցներն ուղղել որոշակի ոլորտների աշխուժացմանը։ Մասնավորապես, տնտեսական ճգնաժամի պայմաններում ամենից ավելի ճիշտ ուղղությունը ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացումն է։ Այսինքն, ճանապարհների, կոմունիկացիոն այլ հանգույցների կառուցում, ներդրումներ էներգետիկ ոլորտում։
-Ինչո՞ւ, ավելի նպատակահարմար չէ՞ միջոցներն ուղղել ներքին արտադրության խթանմանը։
-Այդ հարցին առանձին կանդրադառնամ։ Ենթակառուցվածքների բնագավառում ներդրումները նպատակահարմար են այն տեսանկյունից, որ դրանք մնայուն են և շարունակելու են ազդել տնտեսության վրա նաև ճգնաժամի հաղթահարումից հետո։ Պետության համար նպատակահարմար է ունեցած միջոցներն այդ ոլորտ ուղղելու, մանավանդ որ կան բավական հետաքրքիր և խոստումնալից ծրագրեր։ Դա, մասնավորապես, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն է` Գագարին կայարանից մինչև իրանական սահման, Բավրա-Մեղրի տարանցիկ ավտոմայրուղու նախագիծը, նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը և Գյումրի քաղաքի լայնամասշտաբ վերակառուցման նախաձեռնությունը։ Այս նախագծերից յուրաքանչյուրի իրագործումը ձեռնտու է մի քանի առումներով։ Նախ` դրանց իրագործումը կարող է մասամբ լուծել գործազրկության խնդիրը` միաժամանակ ապահովելով որոշակի զարգացում նաև հարակից ոլորտներում։
-Գյումրիի վերակառուցում ասելով օդանավակայանի՞ վերակառուցման նախագիծը նկատի ունեք։
-Ոչ, կա Գյումրիի բնակելի ֆոնդի վերակառուցման մեծ ծրագիր, որը պահանջելու է խոշոր ներդրումներ և դրա շնորհիվ միաժամանակ հնարավոր կլինի նույն Շիրակի տարածաշրջանում ստեղծել բազմահազար աշխատատեղեր։ Նույնիսկ կարծիքներ կան, որ տարածաշրջանի բանվորական ուժն ամբողջությամբ չի բավարարի այդպիսի նախագիծն իրագործելու համար։
Քանի որ մեր զրույցում անդրադարձ եղավ նաև ներքին արտադրության խթանմանը, ապա այս ուղղությամբ էլ քայլեր արվել են։ Վերջին շրջանում իրականացված մի շարք օրենսդրական փոփոխությունները նպատակ են հետապնդում բարելավելու ներքին արտադրողների վիճակը։ Բայց ամենակարևորն այն է, որ հանրապետության նախագահը տվել է նախընտրական խոստում և գործուն միջոցառումներ է ձեռնարկում հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ։ Ստվերային տնտեսության կրճատում և հավասար պայմանների ստեղծում բոլոր ձեռներեցների համար. սա է լինելու այն հիմնական դեղատոմսը, որի շնորհիվ մենք կկարողանանք էապես մեղմել համաշխարհային ճգնաժամի հետևանքները։ Ամեն տեսակի մաքսային կամ հարկային արտոնությունները ներքին արտադրողի համար ավելի քիչ նշանակություն կարող են ունենալ, քան վերոնշյալ առաջնահերթ լուծումը։
-Նշեցիք Հայաստան-Իրան երկաթուղու մասին։ Բայց կարծես այս առումով որոշակի հաստատված նախագիծ չկա։
-Իրողություն է այն, որ կա երեք նախագիծ, որոնցից մեզ համար ամենաձեռնտուն և ամենաքիչ ծախսեր պահանջողը Գագարին կայարանից մինչև Մեղրի ձգվող երկաթուղու նախագիծն է։ Առաջին հայացքից թվում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նման ծրագրի իրագործման մասին մտածելը նույնիսկ իրատեսական չէ։ Սակայն, ինչպես նշեցի, այսպիսի իրավիճակում հենց ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ներդրումներն են հեռանկարային։ Մանավանդ որ Ասիական բանկի կողմից լուրջ հետաքրքրություն կա այս նախագծի նկատմամբ, այսինքն` միջոցների հայթայթումն այդքան էլ անհնարին չէ, կարող են գտնվել նաև այլ լուրջ ներդրողներ։
Այս նախագծի իրականացման մեջ դերակատարություն կարող է ունենալ նաև նոր ստեղծվելիք Հայկական բանկը։ Ես, առհասարակ, շատ կարևորում եմ այսպիսի բանկ ստեղծելու օրենսդրական նախաձեռնությունը։ Այն կխթանի համահայկական ծրագրերի իրագործումը, որովհետև ճգնաժամի այս փուլում մեզ համար անչափ կարևոր խնդիր է նաև եղած միջոցների ներգրավումը։ Ընդ որում, Համահայկական բանկը կարող է ձևավորվել ոչ միայն հայերին պատկանող միջոցներից։ Դրա համար, իմ կարծիքով, պետք է ապահովել ամենակարևոր նախապայմանը. այդպիսի նախաձեռնությունը չի կարող վերածվել բարեգործական ձեռնարկի։ Բանկի գործունեությունը պետք է լինի շահութաբեր, որպեսզի ներդրողները շահագրգռված լինեն նրա հետագա զարգացմամբ։ Այդպիսի նախաձեռնություններ տարբեր երկրներում դրսևորվել են, և փորձն ապացուցում է, որ համապետական խնդիրների լուծմանը զուգահեռ միշտ անհրաժեշտ է ապահովել տնտեսական շահութաբերություն, և դա միշտ էլ ներգրավում է նոր ներդրողների։
-Ե՞րբ կարելի է ակնկալել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ավարտը։ Տարբեր փորձագետներ Արևմուտքում և Ռուսաստանում տարբեր ժամկետներ են նշում։ Ոմանք համարում են, որ ճգնաժամը կտևի 1,5-2 տարի, բայց կան նաև 5, 7, մինչև 10 տարվա տևողության մասին կանխատեսումներ։ Դուք ո՞ր տարբերակն եք ավելի հավանական համարում։
-Որքանով հասցրել եմ ծանոթանալ տարբեր միջազգային փորձագետների գնահատականներին, կարծես մեծամասնությունը հակվում է նրան, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պիկը սպասվում է այս տարվա կեսերին։ Դրանից հետո ակնկալվում է որոշակի կայունացում։ Այսինքն, ամենածանր փուլը սպասվում է 2009-ի կեսերին, որից հետո կսկսվի իրավիճակի որոշակի կայունացում, այնուհետև նկատելի կդառնան ճգնաժամի հաղթահարման միտումները։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր մեծ մասշտաբային երևույթ, ճգնաժամն էլ ունենալու է հետշոկային ժամանակաշրջան, որը կարող է տևել մի քանի տարի։ Բայց ամենածանր փուլն ակնկալվում է այս տարվա կեսերին, որից հետո գուցե տեսանելի կլինեն հաղթահարման միտումներ։
-Մինչդեռ ներքաղաքական պայքարը Հայաստանում չի կորցրել իր սրությունը։ Արմատական ընդդիմությունը չի թաքցնում, որ համաշխարհային ճգնաժամը և համապատասխանաբար սոցիալական իրավիճակի անխուսափելի վատթարացումն իր ազդեցությունը կունենան բնակչության տրամադրությունների վրա։ Եվ միգուցե ընդդիմությանը հարող ընտրազանգվածը բազմապատկվի։ Տնտեսական ճգնաժամը կարո՞ղ է դառնալ նոր քաղաքական ցնցումների առիթ կամ պատճառ Հայաստանում։
-Այդպիսի լրացուցիչ պրոբլեմների ստեղծումը միայն կարող է ավելի վատթարացնել ամենից առաջ բնակչության վիճակը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած պրոբլեմներն օբյեկտիվ բնույթ ունեն, և ընդդիմության դաշտում գործող քաղաքական ուժերն ու գործիչները երկրի և պետության շահերով առաջնորդվելու դեպքում վեր կկանգնեին պահն օգտագործելու մղումից և հնարավորություն կտային իշխանությանն իր ուժերը կենտրոնացնելու ճգնաժամի հաղթահարման համար հասարակությանը արդյունավետ լուծումներ առաջարկելու վրա։ Ցավոք, չեմ կարծում, թե արմատական ընդդիմությունը կանսա այդպիսի կոչի, և այդ դեպքում ամեն մեկը պատասխանատու է լինելու նախ` օրենքի, ապա` իր խղճի առջև։
-Իսկ համաձայն չե՞ք, որ ընդդիմությունը միգուցե ավելի զուսպ գտնվեր, եթե իշխանությունն էլ համարժեք հանդուրժողականություն դրսևորեր։
-Փոխադարձ հանդուրժողականությունը, իսկապես, լավագույն դեղատոմսը կլիներ ստեղծված իրավիճակում։ Բայց, միաժամանակ, պետք է գիտակցել, որ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր կարգավիճակներում են։ Նրանց քայլերը, փոխզիջումների առումով, չեն կարող լինել նույն հարթության մեջ։ Փոխզիջումը պետք է լինի օրենքի շրջանակներում և բխի յուրաքանչյուրի կարգավիճակից, եթե ընդդիմությունը գիտակցում է իշխանության և իր կարգավիճակի միջև եղած տարբերությունը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ